Ari-Arenoush Weekend Panagoum

Tuesday, 06 October 2015 10:12 Read 109506 times

Ուրբաթ, Փետրուար 14-ին, մի խումբ եռանդուն եւ խանդավառ արի-արենուշներ (11-ից 18 տարեկան սկաուտներ) հաւաքուեցին աւանդական վայրում, Իլինգի Դաբըլ Թրի հիւրանոցի մօտ, պատրաստ՝ մեկնելու իրենց եռօրեայ բանակում: Հանրակառքի մէջ մթնոլորտը աշխուժացել էր ծանօթ երգերով: Դէպի Քենթ երկար ճամփորդութիւնից յետոյ՝ հասանք Դաուն կոչուած սկաուտական բանակատեղին: Զարմանալի չէր, որ աշխուժութիւնն էլ աւելի աճեց երբ սկսուեց մեր երթը դէպի բանակավայր:

Հեղեղային անձրեւի եւ ուժեղ քամիների տակ անհամար դաշտերի միջով անցնելով վերջապէս տեղ հասանք: Մեր սենեակներում տեղաւորուելուց յետոյ, ժամանակը հասաւ վայելելու Քոյր Ալենուշի եւ Եղբայր Դոմինիկի պատրաստած տաք ճաշը: 

Շաբաթը մի նոր օր էր, լի հաճելի աշխատանքներով: Չնայած անգլիական եղանակի յարուցած անխուսափելի անյարմարութեանը՝ աշխատանքներին մասնակցելու եւ զուարճանալու մեր եռանդն ու ոգեւորութիւնը չխախտուեց: Օրն սկսեց մեր սենեակների ստուգումով եւ դրան յաջորդեց մի կարճ բացման արարողութիւն, որի ընթացքում բանակումի պատասխանատու՝ Եղբայր Արի Պօղոսեանը հանդէս եկաւ մի համառօտ խօսքով, բարի գալուստ մաղթելով բոլորին եւ բացատրելով բանակումի նպատակը, որը կենտրոնացած էր անձնական նախաձեռնութեան վրայ` զարկ տալով անհատական կարծիք ձեւաւորմանը, ղեկավար դիրք ստանձմանը եւ կողմնորոշման համար մեր ղեկավարներից կախուած չլինելուն:

Ինչպէս միշտ՝ արեւածագին միասնաբար մարզանք կատարեցինք: Մարզանքի այս պահը, որ ղեկավարում էին Եղբայր Վահէ Պօղոսեանը եւ Քոյր Աննա Զէյնալին, ներառում էր մի շարք մկանային լարումներ եւ հսկայական մի բլուր վազքով բարձրանալ ու իջնել: Յաջորդող դասարանները մեզ համար լաւ առիթ էին հաւաքական աշխատանք տանելու եւ հասնելու մի ընդհանուր նպատակի: Մենք պիտի կառուցէինք ամբողջովին թղթից, թոկից եւ կպչուն ժապաւէնից բաղկացած մի կամուրջ, որը կարող էր դիմանալ որոշ քանակութեամբ մետաղադրամների ծանրութեանը: Միաժամանակ, տարիքով աւելի փոքր սկաուտների առաջ նպատակ էր դրուած խարոյկ պատրաստել, եւ պէտք է ասել, որ ընդհանուր առմամբ, նրանք յաջողեցին: Բանակումի նպատակը ակնյայտ էր այս դասարանների ողջ ընթացքում, երբ մենք առիթն ունեցանք ցուցաբերելու նախաձեռնութիւն եւ հնարամտութիւն եւ մշակել մեր գաղափարները:

Օրը շարունակուեց ֆուտբոլի մի կարճ խաղով եւ մի դասարանով, որին յաջորդեց երկար սպասուած մի աշխատանք: Այս տարուայ ընտրութիւնը գրոհի կուրսն էր, որի ընթացքում նշւում էր ամէն մի մասնակցի  ժամը: Մասնակցող անդամների ցուցաբերած վճռականութիւնն ու հաստատակամութիւնը արտացոլուեցին մեր խոստումնալից մրցանիշերում, որոնք տարուբերւում էին 3 րոպէի եւ 48 վայրկեանի միջեւ: Վերջապէս, հասաւ բանակումի ամենից հաճելի աշխատանքներից մէկի՝ խարոյկի, ժամանակը: Պահի բարձր տրամադրութիւնը ստեղծեցին Քոյր Սեւանա Բաբայեանը եւ Եղբայր Քրիստիան Սահակեանը խարոյկի աւանդական բացման երգով: Դրան յաջորդեցին մի շարք մրցոյթներ, բաղկացած թոկախաղից եւ Մարմայթ ուտելու մարտահրաւէրից: Խարոյկի աւարտը միշտ տխուր մի պահ է, սակայն Միութեան երգը հիանալի ձեւով աւարտի բերեց ոգեւորութեամբ լի եւ զուարճալի այդ օրը:

Կիրակի օրը դժբախտաբար այս եռօրեայ բանակումի վերջին օրն էր: Մարզանքի եւ փակման արարողութեան նման սովորական աշխատանքներից բացի պէտք է հաւաքէինք մեր իրերը, պատրաստ՝ մեկնելու: Եռօրեայ հաւաքական եւ տոկուն աշխատանքից յետոյ, մենք անհամբեր էինք տուն վերադառնալու բայց միեւնոյն ժամանակ տատանւում էինք թողնել բանակատեղըշ որտեղ բազմաթիւ յուշեր ձեռք բերուեցին, դասեր քաղուեցին եւ ընկերական յարաբերութիւններ ստեղծուեցին: Շնորհիւ մեր պատասխանատուների տրամադրած անհամար ժամերի՝ այս բանակումը մեր մէջ անմոռանալի յուշեր թողեց:

— Նոյեմի Ստեփան-Սարգիսեան 

Events Calendar

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Latest News